Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Չլինի թե «Գազպրոմը» կատաղի

Չլինի թե «Գազպրոմը» կատաղի
12.02.2018 | 22:11

Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ուշագրավ հայտարարություն է արել, թե Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանի Հանրապետությանը: «Մենք այս հարցը քննարկում ենք, և ես հուսով եմ, որ այս հարցում առաջընթացը շուտով կտեսնեք: Եթե Հայաստանը էներգետիկ ոլորտում մի քիչ աշխուժանա, կարծում եմ, շատ մեծ քայլեր կձեռնարկվեն, և դա կնպաստի, որպեսզի Հայաստանում աշխատատեղեր ստեղծվեն»,-ասաց Սաջադին: Առաջին անգամ չէ, որ Իրանը գազ մատակարարելու պատրաստակամություն է հայտնել, սակայն Հայաստանում այս առումով շատ «պահպանողական» են: Մենք չենք ուզում ռուսներին նեղացնել: Ոչ քաղաքական բառուբանով այսպես կարելի է բացատրել իրանական գազից հրաժարվելու հայկական կողմի համառությունը:


Մեզ մոտ կա մեկ սկզբունք՝ «Գազպրոմ»-ին մրցակցություն պետք չէ: Ոչինչ, որ մենք ռուսական թանկ գազ գնենք, միայն թե չօգտվենք այլընտրանքային խողովակից: Իրանի տարբեր պաշտոնյաներ տարբեր ժամանակահատվածներում հայկական կողմին վստահեցրել են, որ պատրաստ են մուտք գործել Հայաստանի գազի շուկա և ապահովել ավելի էժան գազ, քան «Գազպրոմն» է մատուցում: Հայաստանի իշխանություններին այս հավաստիացումները ոչ մի կերպ չեն հրապուրում, քանի որ դա կարող է մեծ լարվածություն ստեղծել Հայաստանի կառավարության և «Գազպրոմի», իմա՝ Ռուսաստանի միջև:


Ավելին, Հայաստանը կարող է լինել նաև Իրանի համար գազի տարանցիկ երկիր, բայց սրանից էլ են մեզ մոտ խուսափում, չլինի թե էլի «Գազպրոմը» կատաղի: ՈՒ այսպես էլ հրաժարվում ենք բոլոր այն հնարավորություններից, որոնք մեր տնտեսության, երկրի զարգացման հեռանկար են խոստանում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ